National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.11.2012
Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարարը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
1 / 1

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նոյեմբերի 21-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Տոմաս Դուբի հետ:

Տոմաս Դուբը Երեւան է այցելել Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ նման նախաձեռնությունները նոր լիցք կհաղորդեն տնտեսական համագործակցության խորացմանը եւ ապրանքաշրջանառության ավելացմանը երկու երկրների միջեւ, հատկապես որ առկա է չիրացված մեծ ներուժ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում վերջերս Չեխիայի Հանրապետություն կատարած այցն ու հանդիպումները եւս արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին բերել են այն համոզման, որ առկա են հարաբերությունները զարգացնելու նոր եւ արդյունավետ հնարավորություններ:

«Չեխիայի Հանրապետությունը հետաքրքրված է Հայաստանի հետ բիզնես շփումներով»,- ասաց Տոմաս Դուբը՝ կարեւորելով երկու երկրների միջեւ ներմուծման ու արտահանման ծավալների մեծացումը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը նոր եւ կարեւոր շուկա է չեխ տնտեսավարողների համար, կարելի է բազմաթիվ երկկողմ շահավետ ծրագրեր իրականացնել այս միջավայրում: Արտակ Զաքարյանը փաստեց, որ տնտեսական բարեփոխումներն ու ներդրումների համար բարենպաստ գործարար միջավայր ստեղծելը Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթություն են՝ հատկապես հաշվի առնելով հարեւանների կողմից շրջափակված լինելու հանգամանքը: Իրավական դաշտում բարեփոխումները եւս, Արտակ Զաքարյանի համոզմամբ, կնպաստեն տնտեսական շփումների աշխուժացմանը, քանի որ Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհին որդեգրել է իր օրենսդրական դաշտը եվրոպական չափանիշներին համահունչ դարձնելու մոտեցում: Որպես համագործակցության նոր հարթություն՝ հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը, որի կենսագործման հարցում ՀՀ-ն մեծ առաջընթաց է արձանագրել:

Երկուստեք կարեւորվեց նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը դրական քայլ համարեց երկու խորհրդարանների համապատասխան հանձնաժողովերի միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը: Զրուցակիցները փոխադարձ գործակցության լավ հարթակ համարեցին նաեւ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը, մասնավորապես նրա խորհրդարանական ձեւաչափը՝ «Եվրանեսթը»: Քննարկվեցին նաեւ կրթական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր:

Չեխ պաշտոնյան խոսեց դարասկզբին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին՝ ասելով, որ որպես Լիդիցեում նացիստների կազմակերպած սպանդն ապրած ժողովուրդ՝ կիսում են հայ ժողովրդի ցավն ու ցասումը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերություններին ու արձանագրությունների սառեցմանը: Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ հարգելով միջազգային հանրության կարծիքը՝ Հայաստանը հետքայլ չի կատարել եւ արձանագրությունները դեռ պահում է խորհրդարանի օրակարգում:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը խոսեց նաեւ Ադրբեջանի վարած ռազատենչ քաղաքականության ու հակահայկական քարոզչության մասին՝ վերահաստատելով խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հակամարտությունը կարգավորելու հայկական կողմի դիրքրոշումը: Նա շնորհակալություն հայտնեց փոխարտգործանախարարին՝ Չեխիայի հավասարակշիռ դիրքորոշման համար Սաֆարովի հետհանձնման հարցում: Գնահատականները սկբունքային են եղել նաեւ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում, ինչի կապակցությամբ Արտակ Զաքարյանը նկատեց. «Չեխիան միշտ հավատարիմ է Եվրամիության եւ առաջադեմ մարդկության արժեքներին»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am